Պահանջում ենք իշխանություններից հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

․

Նոյեմբերի 12-ի երեկոյան Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվել է Արցախյան պատերազմի մասնակիցներից մեկի խոսքը, որը պարունակել է հայհոյանք ու ատելություն, բռնության ու սպանության սպառնալիք։ Տեսանյութի մի մասը հեռարձակվել է նաև հանրային հեռուստատեսության եթերում։ Այս թեմայի վերաբերյալ հայտարարություն են տարածել մի շարք լրագրողական կազմակերպություններ:

«Իշխանությունների դեմ ուղղված ջարդարար գործողություններից հետո այժմ էլ ինքը՝ իշխանությունը, կարծես թե չի ուզում խտրականություն դնել քաղաքական պայքարի միջոցների մեջ։ 

 Երկրի համար այս ճակատագրական օրերին  ահագնացող ներքաղաքական առճակատումը էլ ավելի է պառակտում հասարակությունը, ինչը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, առաջին հերթին՝ հանրային հեռարձակողին, ապա այսօր դրանց գլխավոր առաքելությունը պետք է լինի հասարակության համախմբման, երկրի առջև ծառացած ծանր խնդիրների լուծմանն ուղղված պատասխանատու գործունեությունը։          

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր համաձայնություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան գրառման գնահատականների և պահանջների առնչությամբ, խստագույնս դատապարտում ենք երկրի գլխավոր հրապարակում ատելություն, հայհոյանք և սպառնալիք պարունակող խոսքի տարածումը, ինչպես նաև այլ նման բովանդակությամբ նյութերի հեռարձակումը հանրային հեռուստատեսության եթերում։

Պահանջում ենք նաև․

-  իշխանություններից՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել ատելության, թշնամանքի և բռնության կոչերը հանրայնացնելու փաստերի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, որոնք կազմակերպել և իրականացրել են այդ անթույլատրելի գործողությունը,

-  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝ երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում պատշաճ վերահսկողություն սահմանել եթեր հեռարձակվող բովանդակության նկատմամբ՝ բացառելով թշնամանքի և բռնության հրահրումը,

-  մասնավոր լրատվամիջոցներից՝ առավելագույն պատասխանատվություն, խնդիրների բազմակողմանի և հավասարակշռված լուսաբանում, լրագրողական էթիկայի նորմերին համապատասխանող մասնագիտական գործունեություն։ 

Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին չենթարկվել սադրանքներին՝ լինեն դրանք ընդդիմության, թե իշխանության կողմից, և  զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բախումների։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»,-նշված է հայտարարությունում:

--00--AH

Տեսանյութեր

Live

Լրահոս