Որևէ փաստաթուղթ 90-ականներից մինչև այսօր նման ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

շարմազանով

2.5 տարի շարունակ ՀՀ իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, փակուղի մտցրեց բանակցությունները։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նույն 2.5 տարվա ընթացքում Փաշինյանն ու իր շրջապատը միակողմանի խաղաղության, խաղաղասիրության քարոզ էին իրականացնում, երբ նույն ժամանակ էրդողանն ու Ալիևը համատեղ շքերթներ էին կազմակերպում և պատերազմի կոչեր անում»,- նշեց նա:

Շարմազանովը հիշեցրեց, որ նույն այդ ժամանակ ՀՀ-ում տեղի էր ունենում հարձակում արժեքների՝ եկեղեցու վրա, ոտնձգություն հայոց պատմության ու լեզվի վրա, վարկաբեկվում էին արցախյան փառապանծ, հերոսական ճանապարհ անցած գեներալները, սպաները, ինչը մտահոգիչ էր։

«Որևէ քննարկվող փաստաթուղթ 90-ականներից մինչև այսօր նման տխուր և ոչ հայանպաստ լուծումներ չէր պարունակում: Որևէ փաստաթղթում չկար նախկին ԼՂԻՄ տարածքների՝ Հադրութի, Շուշիի վերադարձը Ադրբեջանին, նույնիսկ պատերազմից առաջ նման պահանջներ թուրք-ադրբեջանական տանդեմը չուներ: Այս հանգրվանին ենք հասել այսօրվա իշխանության ապաշնորհ կառավարման հետևանքով»,- նշեց նա և հավելեց, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ էլ ասել է, որ այս ամենի քաղաքական պատասխանատուն նա է:

--00--ԱՀ