Նման որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ բանակը պնդել է դրա անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 10,  24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում որոշ մանրամասներ է ներկայացրել վերջին իրադարձությունների հիմքերի, պատճառների մասին:

«Եթե ռազմական գործողությունները դադարեցվելու որոշում չկայացվեր, կստացվեր, որ խոսվել է մի բովանդակության մասին, որը ռազմական գործողությունների դադարեցման արդյունքի չի բերել, բայց մարտունակության նվազման է բերել»,- նշել է նա: 

Փաշինյանն ընդգծել է՝ այսպիսի որոշում կայացրել է այն բանից հետո, երբ, ըստ էության, բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը։

«Պատկերացնում եք, չէ՞, երբ բանակն ասում է, որ պետք է կանգնել, որովհետեւ մենք ունենք որոշակի խնդիրներ, որոնց լուծման հեռանկարը կամ չի երեւում, կամ այդ խնդիրները լուծելու ռեսուրսը սպառված է, կամ այդ խնդիրների գոյության արդյունքում մենք ունենք որոշակի պրոբլեմներ»,- ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը նաև հայտնել է, որ բախվել են այնպիսի տարօրինակ դեպքերի, երբ ԶՈՒ զորամասը պետք է մարտական նպատակով տեղափոխվի, բայց տվյալ բնակավայրի բնակիչներ փակում են զորամասի դռները, շրջափակում են մեքենաները եւ թույլ չեն տալիս, որ մեքենաները դուրս գան զորամասից։

«Ես չեմ հաշվել, բայց ունեցել ենք այսպիսի՝ տասնյակին մոտիկ դեպքեր։ Այսպիսի դեպքերի արդյունքում մենք ունենում ենք զինվորի գունդը, տեխնիկան առաջնագիծ հասցնելու խնդիր։ Իհարկե, շատ դեպքերում շատ կոշտ միջամտություններ են արվել, որոշ դեպքերում միջամտության հնարավորություն չի եղել։ Նույն պատճառով ոստիկանական կոնտինգենտը նույնպես գործուղված է եղել առաջնագիծ, եւ դրա պատճառով հնարավոր չի եղել նման գործողություններ իրականացնել։ Սա բերել է շատ լուրջ և ծանր հետևանքների»,- նշել է նա:

Առավել հաճախ հնչող հարցին՝ ինչո՞ւ նույն զինադադարը չկնքվեց պատերազմի սկսման օրը՝ սեպտեմբերի 27-ին, Փաշինյանն արձագանքել է.

«Սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը: Եթե զինադադար էինք խնդրում, այն կարող էր ընդունվել միայն ձեզ և մեզ հայտնի յոթ շրջանները վերադարձնելու կամ հանձնելու պայմանով: Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհն է: Այս պատերազմից խուսափելու մեկ հնարավորություն կար՝ հինգ տարածքների հանձնում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, և սա, ըստ էության, եղել է բանակցային այն ժառանգությունը, որ մեր կառավարությունը ստացել է»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարները հայտարարությամբ են հանդես եկել, որով ամրագրվում են կրակի և ռազմական գործողությունների դադարեցումն ու հետագա քայլերը։

--00--ԱԹ