ԱՀ նախագահի գրառման մեջ արտառոց բան չկա. Շուշին հիմա ակտիվ գործողությունների թատերաբեմ է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

դավիթ

«Արցախում պատերազմը ընթանում է ողջ ուժգնությամբ, տարբեր վայրերում, Շուշին այս պահին ակտիվ պատերազմական գործողությունների թատերաբեմ է, մայրաքաղաք Ստեփանակերտն էլ ուժգին հարվածների, ռմբակոծության է ենթարկվել այսօր առավոտից»,- այդ մասին «Փաստինֆո»-ի հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը:

Պաշտոնյան պարզաբանել է նաև Արցախի նախագահի այն գրառում, թե այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, զրուցել ՊԲ մարտիկների ու աշխարհազորայինների հետ, որոնք 1 օր, է ինչ հետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:

«Երբ որ ես ասում եմ, որ Շուշին դարձել է ակտիվ պատերազմական գործողությունների թատերաբեմ, դա նշանակում է՝ և՛ այստեղից են իրականացվում պատերազմական գործողություններ, և՛ դրա դեմ են իրականացվում պատերազմական գործողություններ՝ տարբեր ձևերով, լինի դա մարտեր, հրետանու աշխատանք:

Հիմա եթե Շուշին պատերազմական գործողությունների թատերաբեմ է, նշանակում է, որ այդտեղից էլ են փորձում գրոհել: Արցախի նախագահի գրառման մեջ արտառոց բան չկա, եթե թատերաբեմ է, այսինքն՝ իրենք էնտեղից են փորձում, մենք էլ այստեղից»,-ասել է Դավիթ Բաբայանը, ապա հավելել, որ հասարակությունը չպետք է խուճապի մատնվի, այլ պետք է իրականությունը սթափ գնահատի:

«Սթափ գնահատել նշանակում է՝ խուճապի չմատնվել և իրականությունից չկտրվել, ինչ-որ տեղեկություններով իլյուզաներից չհարբենք, ապատեղեկատվությամբ ոչ պետք է հրապուրվենք, ոչ էլ խուճապի մատնվենք, պետք է սթափ իրականությունը գնահատենք»,-ասել է Դավիթ Բաբայանը:

--00—ԼՄ