«Էրդողանը հայտնվել է Ալիևի ֆեյքնյուզային թակարդում». Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ընդամենն օրեր առաջ էր եղել Բաքվում: Եվ հենց ինքն էր նշել, որ հաջորդը մոտ օրերս Ադրբեջան կայցելի իրենց պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Սակայն Ալիևի կողմից Շուշիի մասին արած անժամանակ հայտարարությունից հետո Բաքու միաժամանակ այցելում են Թուրքիայի ինչպես պաշտպանության, այնպես էլ արտաքին գործերի նախարարները:

Սա իր մեջ պարունակում է երկու ուղերձ:

Նախ, Անկարան դեմոնստրատիվ ցուցադրում է աշխարհին, որ Բաքու գալ-գնալն իր վեզիրների համար նույնն է, ինչպես մայրաքաղաքից իրենց վիլայեթներից մեկը գնալը և սուլթանի հրովարտակները տեղ հասցնելը: Ավելի պարզ ասած՝ ցուցադրվում է, որ Ադրբեջանն այլևս իրենց կողմից գրավված տարածք է, իսկ Իլհամի կողմից պաշտոնական ընդունելության արարողակարգային հանգամանքներն ընդամենն ինքնիշխանության սենտիմենտալ ձևականություններ են:

Երկրորդ, Էրդողանն ադրբեջանական վիլայեթ ուղարկելով իր երկու հավատարիմ և գաղափարակից մարդկանց, որոնք նաև զբաղեցնում են Թուրքիայի արտաքին քաղաքականության ողնաշարը կազմող երկու առանցքային կառույցների՝ ԱԳՆ-ի և ՊՆ-ի ղեկավարների պաշտոնները, կոնկրետ ուղղությամբ հստակ ուղերձ է հղում առ այն, որ Շուշիի, այսպես կոչված, «գրավումն» իրենց համար խորհրդանշում է ոչ միայն Ադրբեջանը որպես իր քաղաքական հեռահար նպատակների պլացդարմը դառնալը, այլ նաև՝ Հարավային Կովկաս իր «տրիումֆալ» ներխուժման ու ազդեցության հաստատումը՝ անկախ այս ռեգիոնում եղանակ ստեղծող դերակատարների ցանկություններից ու տրամադրություններից: Հետևաբար իր հետ հարավկովկասյան օրակարգերում հաշվի չնստել այլևս չեք կարող:

Էրդողանը, սակայն, հայտնվել է Ալիևի ֆեյքնյուզային թակարդում և ակնհայտորեն շտապել է այս դեմոնստրացիոն ուղերձները հղելու հարցում:

Այդ մասին ասում է Շուշիում թշնամու առաջխաղացումը կանգնեցնող հայ զինվորը»:

--00--ԱՀ