Հայ բարերարները պատրաստ են վերականգնել Շուշիի Ղազանչեցոցի գմբեթը, մշակութային օջախները

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Շուշի

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը շատ զանգեր է ստացել սփյուռքի բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, հակառակորդի հարվածներից վնասված մշակութային մյուս օջախները: Ինչպես հայտնում է Արմենպրեսը, այս մասին նախարար Լուսինե Ղարախանյանը հայտնել է այսօրվա ասուլիսում:

«Արցախում ավերվել են մշակույթի տներ: Ամենամեծ մասշտաբի ավերածություն եղել է Շուշիի մշակույթի տանը: Ես արդեն շատ ու շատ զանգեր եմ ստացել սփյուռքի մեր գործընկերներից, բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել օր առաջ վերականգնել մշակութային օջախները, նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը: Եվ սա հուսադրող է: Մենք կանենք, մեկ րոպե անգամ չեմ կասկածում»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ բոլոր նախատեսված ծրագրերը կյանքի են կոչվելու: Մտադրվել էին Հադրութի Տողում բացել ինժեներական տեխնոպարկ:

«Բոլոր այդ ծրագրերը, որոնք քարտեզագրել է մեր նախարարությունը, անշեղ են, և մեր ընթացքն անկասելի է, ինչ ծրագրել ենք, անելու ենք»,-ասաց նա:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: