ԵԱՀԿ Մինսկի խումբը այն ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

ARD – Վերջին անգամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպեցիք Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում: Որո՞նք են Ձեր պայմանները՝ Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պատերազմի պայմաններում խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ: Ըստ էության, բանակցությունների պայմանները քննարկվել են և համաձայնեցվել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարության մեջ, որը վերահաստատվել է հետագայում ևս: Մոսկվայի հայտարարությունն ընդունվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այնուհետև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահների միջնորդությամբ վերահաստատվեց, և այնտեղ հստակ գրված է ծրագիրը՝ ըստ էության, համաձայնեցված: Նկատի ունեմ, եթե կան համաձայնեցված կետեր, ի՞նչ իմաստ ունի մեկը մյուսին պայմաններ առաջադրելը, որովհետև ի վերջո դա համատեղ է ընդունվել: Այսինքն, այլևս պայմաններ առաջադրելու կարիք չկա: Պայմաններն այնտեղ ձևակերպված են, և այդ պայմանները մենք համարել ենք ընդունելի:

ARD – Արդյոք Իրանը պետք է ավելի մե՞ծ դեր խաղա այս գործընթացում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, Իրանը մեր և Ադրբեջանի հարևան երկիրն է: Բնականաբար, հետաքրքրված է և անհանգստացած պրոցեսով: Ես արդեն ասացի՝ մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ձևաչափը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը։ Բայց դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

ARD – Իմ վերջին հարցը։ Ձեր կառավարությունն իշխանության է եկել բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումով: Դա դեռ հնարավո՞ր է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա ավելի է սրվել այդ պահանջարկը: Գո՞հ եմ արդյոք ես այն արդյունքներից, որոնք մենք արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ։ Բայց նաև գիտեմ՝ ինչո՞ւ մենք բավարար չափով արդյունավետ չենք եղել։ Որովհետև, ըստ էության, 20 և ավելի տարիներ կոռուպցիոն իրականության մեջ ձևավորված համակարգերը, մեխանիզմները կառուցվել են կոռուպցիան պաշտպանելու համար:

Եվ, այո, այն կառուցակարգերը, որ կան, մենք անընդհատ տեսել ենք, որ մեզ խանգարում են՝ կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքար մղելու, թալանված փողերի վերադարձին բավարար տեմպ ապահովելու համար: Բայց, միևնույն է, մենք որոշել ենք, որ չենք գնա օրենքից դուրս ճանապարհով։ Մենք կգնանք այս համակարգը և օրենսդրությունը բարելավելու, բարեփոխելու ճանապարհով, ինչը պրոցեսը հասկանալիորեն երկարացնում է:

Կարծում եմ՝ հանրության շրջանում ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը, որովհետև մարդիկ այս ընթացքում տեսնում են հարցեր, որոնք շատ երկար տարիների ընթացքում չեն լուծվել։ Եվ նրանց գնահատականը հիմա միանշանակ է, որ դրանք չեն լուծվել կոռուպցիայի պատճառով: Հայաստանը չունի այլընտրանք։ Այո, մենք պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ։ Մենք պետք է կառուցենք ժողովրդավարություն։

Բայց այսօրվա մեր օրակարգի թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան է։ Որը, իհարկե, ունի ազգային անվտանգության կոմպոնենտ։ Բայց ես համոզված եմ, արդեն ասացի, որ այստեղ կա միջազգային անվտանգության կոմպոնենտ, որովհետև այս պրոցեսում սպառնալիք տեսնում է Ռուսաստանը, սպառնալիք տեսնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սպառնալիք տեսնում են արաբական երկրները, սպառնալիք տեսնում են Եվրամիությունում, սպառնալիք տեսնում են Միացյալ Նահանգներում: Այս երկրներն ունեն բազմաթիվ հակասություններ հարաբերություններում, բայց առնվազն ստեղծված իրավիճակում վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածությունը, որի աջակիցը Թուրքիան է, բոլորի կողմից արժանանում է նույն գնահատականի: Հետևաբար, սա միջազգային անվտանգության օրակարգի հարց է։

Այսօր մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք և կանենք՝ ժողովրդավարությանը չվնասելու համար, բայց ռազմական դրությունը, չեմ կարծում, թե ժողովրդավարության լավագույն միջավայրն է: Հետևաբար, ամեն ինչ պետք է անենք՝ ժամ առաջ ռազմական դրության միջավայրից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու համար։ Բայց, ցավոք, դա միայն մեզնից չէ կախված։ Համենայնդեպս՝ մենք մեզնից կախված առավելագույնը կանենք դրա համար:

ARD – Շնորհակալություն, պարոն Փաշինյան։

--00--ԱՀ