Որտեղի՞ց այդքան վստահություն, որ հայերը կապ ունեն Խարկովի հարձակման հետ. դեսպան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 7,  24News  

դեսպան Սեյրանյան

Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա-24» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Խարկովի «հրաձգությանը»: Դեսպան Սեյրանյանի խոսքը ներկայացրել է ՀՀ դեսպանությունը:

«Ես չգիտեմ, Խարկովում հրաձգություն եղել է, թե ոչ: Մամուլից եմ իմացել: Սա շատ նման է սադրանքի: Եթե նույնիսկ կրակել են, մենք չգիտենք, թե ով է դա արել: Համոզված եմ, որ հայկական համայնքային կազմակերպությունները ոչ մի կապ չունեն դրա հետ: Եվ ընդհանրապես, որտեղի՞ց այդպիսի վստահություն, որ հայերն անպայման կապ ունեն դրա հետ: Պատվավոր հյուպատոսները, որպես կանոն, ներգրավված են ինչ-որ առևտրային, տնտեսական գործունեության մեջ: Միգուցե սա հենց դրանո՞վ է պայմանավորված: Միգուցե հենց իրե՞նք են ինչ-որ բան արել սադրանքի նպատակով: Ես չգիտեմ։

Դա պետք է պարզեն իրավապահ մարմինները, և, եթե կան հանցագործներ, ապա կան համապատասխան օրենք և համապատասխան պատժամիջոցներ: Պետք չէ միանգամից եզրակացություններ անել:

Ես կցանկանայի նշել հայ համայնքի, Ուկրաինայի հայերի միության դիրքորոշման մասին, որին ես լիովին սատարում եմ: Դա այն է, որ Ուկրաինան պետք է մարտի դաշտի չվերածել: Խոշոր համայնքներն այստեղ են ապրում, և հետևանքները կարող են անկանխատեսելի լինել: Եվ դա նրան {հայ համայնքին} հաջողվում է, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որը որոշ ժամանակ առաջ բուռն, կրակոցներով ուղեկցվող, ավտոերթ էր կազմակերպել Կիևի կենտրոնում:

Կցանկանայի նշել, որ ադրբեջանական քարոզչության ոգով նման սադրանքները կարող են մաս կազմել բախումներ հրահրելու կամ բնակության երկրներում հասարակական կարծիքը հայերի, Հայաստանի դեմ ուղղորդելու մի ընդհանուր արշավի։ Ցավոք, նման դեպքեր եղել են նաև այլ երկրներում: Նմանատիպ մի բան վերջերս անհաջող կերպով փորձում էին հայկական կողմի վրա բարդել Բալթյան երկրներից մեկում, ավելին՝ նրանք փորձեցին կրոնական երանգ հաղորդել:

Այսպիսով, պետք է հանգստանալ և թույլ տալ, որպեսզի իրավապահներն աշխատեն:

Տվյալ պահին այսքանը կարող եմ ասել այս հարցով»,- ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ուկրաինայում Ադրբեջանի հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել: Միջադեպի հետևանքով տուժողներ չկան:

--00--ԱԹ