ԱԱՏՄ-ն շարունակում է ուժեղացված վերահսկողությունը ջրամատակարարման համակարգի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 6,  24News 

ջուր

Հայաստանում ռազմական դրությամբ պայմանավորված՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողական աշխատանքները ջրամատակարարման համակարգի անվտանգության նկատմամբ։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից:

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի խմելու ջրի որակի, ինչպես նաև ջրառների, օրվա կարգավորիչ ջրամբարների անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ ԱԱՏՄ արեւելյան տարածքային կենտրոնն իր ստուգայցերի ընթացքում իրականացրել է հերթական զննումները Մեղրաձոր համայնքի Մեղրաձոր, Փյունիկ, Ուլաշիկ և Արտավազ գյուղերում։

Ձեռնարկված այս միջոցառումները հաջորդել են նշված մարզերի մարզպետարաններում ԱԱՏՄ նախաձեռնությամբ ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներին՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։

Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն, եթե որպես այդպիսիք կգրանցվեն։

Ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։

--00--ԱԹ