48-ամյա Մարտիկ Գևորգյանը սրտի 4 ստենտով կամավոր մեկնել էր առաջնագիծ. նա վնասվածք է ստացել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5,  24News  

․

Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի բնակիչ 48-ամյա Մարտիկ Գեւորգյանը սրտի 4 ստենտով կամավոր մեկնել էր առաջնագիծ։ Արթմեդ բժշկական վերականգնողական կենտրոնը հայտնում է, որ Մարտիկ Գեւորգյանը առաջնագծում բեկորային վնասվածք է ստացել եւ բուժումը ստանում է իրենց ԲԿ-ում։

Նա կամավորագրվելու որոշումը ընդունել էր՝ անտեսելով, որ ընդամենը մեկ տարի առաջ սիրտը ստենտավորել էին 4 ստենտի տեղադրմամբ։ Այս միջամտությունը ենթադրում է, որ պետք է շատ զգույշ լինել առողջության նկատմամբ, բայց հայրենիքի նկատմամբ սերն ու երիտասարդներին օգնելը Մարտիկ ավելի առաջնահերթ է համարում, դրա համար չէր կարող չհետեւել կամավորագրման կոչին: Դեղերը վերցրել ու գնացել էր:

«Բա վտանգավոր չէ՞ր Ձեր առողջության համար: Հարցնում ենք: Ժպտում է: Ասում է՝ երբ գիտես, որ թշնամին անընդհատ մեր հողը գրավելու փորձեր է անում, չի կարելի երիտասարդ տղաներին մենակ թողնել, չնայած որ հիացած է նրանց քաջությամբ ու ուժով: Ու անհամբեր իրեն բուժող բժշկից՝ վիրաբույժ Լեւոն Եսայանից հետաքրքրվում է՝ երբ է ապաքինվելու, որ նորից միանա տղաներին: Նույնիսկ ստացած վերքը նրա միտքը չի փոխել։

Դեռ 1990-ից է սկսվել Մարտիկի ռազմական ճանապարհը, մասնակցել  է ղարաբաղյան առաջին պատերազմին, հետո էլ երեք տարի որպես պայմանագրային զինծառայող Քարվաճառում է եղել: Վստահ է, որ հաղթելու ենք, երբ գիտես ինչի համար ես կռվում, միշտ հաղթում ես»,- նշել է բժշկական կենտրոնը։

--00--ԱՀ