«Մերօրյա հերոսները». բժիշկ Գարիկ Մանուկյանը ծանր մարտի ընթացքում զոհվել է «Սմերչի» արկից

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News  

հերոս

«Մերօրյա հերոսները». Գարիկ Մանուկյան

Գարիկ Մանուկյանը մեկն էր նրանցից, ով Հիպոկրատի երդմանը հավատարիմ, զինվորների կյանքի համար պայքարելով ՝ Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով բռնեց անմահության ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում:

Ռազմական բժիշկներն այսօր մարդկային կյանքի պահպանման ու հանուն առողջության համար պայքարի առաջնագծում են: Զինվորական համազգեստ կրող մեր հարգելի գործընկերներն ամեն օր կատարում են անգնահատելի աշխատանք:

Ռազմական բժիշկը ծնվել և մեծացել է Արմավիրի մարզի Լենուղի գյուղում, դպրոցը բարձր առաջադիմությամբ ավարտելով ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ:

Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարում էր Ջրականի (Ջաբրայիլ) զորամասում: Երկու տարի անց պետք է ընդունվեր կլինիկական օրդինատուրա՝ որպես վնասվածքաբան-վիրաբույժ, սակայն ծանր մարտերի ընթացքում սմերչի արկերից վիրավորվելով զոհվում է։

Ամուսնացած էր, ունի մեկ տարեկան աղջիկ։ Նրա կինը՝ Գոհար Հախվերդյանը, նույնպես մասնագիտությամբ բժիշկ է: Ամուսնուն բնութագրելով՝ նշում է. «Ուներ ճկուն միտք, հմուտ ձեռքեր։ Անձնվեր էր, հայրենասեր, բոլորին օգնող ու հասնող»,- գրել է նա։

Ազգի արժանի հերոս բժիշկը հավերժ կմնա գործընկերների հիշողության մեջ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։ Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ: Արցախի ՊԲ ստորաբաժանումների կողմից գերեվարված վարձկանները հաստատել են՝ Թուրքիան հավաքագրում է իրենց և ուղարկում Ադրբեջան:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։ Ադրբեջանը պայմանավորվածությունը խախտելու ավանդույթը կիրառեց նաև Ժնևում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ կրկին թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները:

Մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 101-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ