Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության առթիվ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24News  

Ռոուհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե իր երկրի համար շատ կարևոր է, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկիչներ չլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ռոհանին նշել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին:  

«Մեր երկու հարևանները սեպտեմբեր ամսից ռազմական բախումների մեջ են։ Այս հարցում մեր արտգործնախարարությունը ակտիվ է եղել, և զինված ուժերն էլ զգոնությամբ վերահսկում են մեր սահմանների անվտանգությունը։ Մեր սահմանների անվտանգությունը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի, և մեր սահմանների մոտ ահաբեկիչներ չլինելը մեզ համար շատ կարևոր է»,- նշել է Ռոհանին:

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ պատերազմի արդյունքում երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի:

«Իրանի տեսակետները երկու կողմին էլ ներկայացվել են, և արտգործնախարարությունը Ղարաբաղում բախումներին վերջ տալու և խաղաղություն հաստատելու համար շատ հարմար նախագիծ է մշակել, և հույս ունենք, որ այն հաջողության կհասնի»,- ասել է Իրանի նախագահը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

--00—ՄՀ