Եվրոպայում տեղի ունեցող իրադարձությունները կապ ունեն ԼՂ-ում տեղի ունեցող զարգացումների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

The Jerusalem Post - Ի՞նչը կդրդի Հայաստանին՝ իր դեսպանին վերադարձնել Իսրայել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա դիվանագիտական պրակտիկա է, մենք կտեսնենք: Մենք ուզում ենք ճիշտ հարաբերություններ կառուցել բոլոր երկրների հետ: Այդ հարցի պատասխանը մենք կձևակերպենք պատշաճ ձևով և պատշաճ ժամանակում:

The Jerusalem Post - Նախագահ Ռյուվեն Ռիվլինը հոկտեմբերի սկզբին՝ Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո, զանգահարել էր իր հայաստանցի գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Կա՞ որևէ բան, որ կցանկանայիք Իսրայելից ստանալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես արդեն ասացի: Գիտեք, այն, ինչ որ ասացի, ես կարծում եմ, որ սա հարց է, որին Իսրայելը ոչ թե մեզ համար պետք է պատասխանի, այլ ինքն իր համար պետք է պատասխանի, և բոլոր երկրները: Որովհետև, օրինակ, Եվրամիության լրագրողների հետ զրույցում ինձ հարց են տալիս, թե ինչ պիտի անի Եվրամիությունը: Ես ուզում եմ ասել և ասում էի՝ այն, ինչ որ պիտի անի Եվրամիությունը, պետք է անի ինքն իր համար, ոչ թե Հայաստանի համար: Ուղղակի հարց է հնչում իրավիճակի գնահատականի վերաբերյալ, ես հնչեցնում եմ այդ գնահատականը:

Ես ընդամենը 10-15 օր առաջ հարցազրույցներում ասում էի, որ եթե Եվրամիությունը պատշաճ գնահատականի չարժանացնի Թուրքիայի պահվածքը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում, դրա հետևանքները կտեսնեն հենց Եվրոպայում: Եվ մենք այսօր տեսնում ենք, թե Եվրոպայում ինչ է կատարվում: Եվ նույնը ես ասում եմ Իսրայելի վերաբերյալ: Նույնը ես ասում եմ, որ Իսրայելը պետք է ինքն իրեն հարց տա՝ այսօր ինքը վարձկանների հետ կողք կողքի փաստացի կռվում է Լեռնային Ղարաբաղի դեմ: Իսրայելն ինքը պիտի պատասխանի այդ հարցին՝ սա հարմա՞ր դիրք է իր համար, թե՞ հարմար դիրք չէ: Եթե հարմար դիրք է, Աստված իր հետ:

Բայց ես կարծում եմ, որ այդտեղ էլ են լինելու կոնկրետ հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ: Եվրոպայի պարագայում իմ այս ասածն իրականություն դարձավ 15 օրվա ընթացքում: Իսրայելի պարագայում, չգիտեմ, գուցե 15 օրվա, 15 շաբաթվա, 15 տարվա ընթացքում: Բայց ես ուրիշ բան եմ ասում՝ գործում է արտաքին քաղաքականության բոլորովին նոր մեխանիզմ Թուրքիայի կողմից: Եվ պարզ է, որ այդ մեխանիզմը դրսևորվելու է տարբեր տեղեր, եթե իրեն դրսևորվելու հնարավորություն տրվեց: Այսօր փաստացի դրսևորվելու այդ հնարավորությունը տրվում է Լեռնային Ղարաբաղում: Եվ դրա դրսևորումները մենք սկսում ենք արդեն տեսնել Եվրոպայում, սկսում ենք տեսնել Ամերիկայում: Իսկ ո՞վ է ասել, որ դրա դրսևորումները չենք տեսնելու Իսրայելում: Ես կարծում եմ, որ տեսնելու ենք: Այնպես որ, թող Իսրայելը մտածի՝ իր համար հարմա՞ր դիրք է այսօր լինել վարձկանների հետ նույն խրամատում, գծի նույն կողմում և ունենալ միևնույն թիրախը:

The Jerusalem Post – Երբ ասում եք, որ հետևանքներ են լինելու, ինչի՞ց եք զգուշանում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ասացի արդեն: Ես նկարագրեցի Թուրքիայի կողմից վարվող քաղաքականության նոր մեխանիզմը՝ երբ ինքը Սիրիայում գտնվող իր տարածքներից ունի վարձկաններ ներգրավելու, ըստ էության, ես չեմ ուզում ասել՝ անսահմանափակ, բայց մեծ հնարավորություն և ունի կայսերական ամբիցիաներ: Այդ կայսերական ամբիցիաները դեպի հյուսիս են, դեպի արևելք են, դեպի հարավ են և դեպի արևմուտք են: Եվ այդ ուղղություններով այդ դրսևորումները մենք տեսնելու ենք: Ինչո՞ւ կարող ենք այդ դրսևորումները տեսնել Վիեննայում՝ Ավստրիայում, Ֆրանսիայում, Կանադայում և չենք կարող այդ դրսևորումները տեսնել Իսրայելում: Իմ կարծիքով՝անպայման կտեսնենք: Նկատի ունեմ, որ նպաստում է այդ պահի մոտենալուն:

The Jerusalem Post – Արդյոք ճի՞շտ եմ հասկանում՝ նկատի ունեք, որ մի օր Թուրքիան կարող է վարձկաններ ուղարկել Երուսաղեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես որևէ կոնկրետ բան նկատի չունեմ: Ես նկատի ունեմ քաղաքական միջավայրը, քաղաքական մթնոլորտը, և այն բացերը, որ գոյացել են միջազգային անվտանգության համակարգում: Եվ եթե կան բացեր, եթե կան միջանցքներ, այդ միջանցքներով հաստատ ինչ-որ անցուդարձ տեղի է ունենալու: Եվ դա տեղի չի ունենալու պարտադիր մեկ կամ երկու ուղղությամբ: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր այն ուղղություններով, որտեղ հնարավոր է:

The Jerusalem Post - Վերջին հարցը. հումանիտար օժանդակության շրջանակում կա՞ որևէ բան, որ Իսրայելը կարող է անել Հայաստանի համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես Ձեզ ասացի: Ի՞նչ է նշանակում հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն:

--00--ԱՀ