Առանց վերահսկման մեխանիզմների՝ ԼՂ-ում դժվար է հրադադարի հասնել. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Լավրով.jpg

Լեռնային Ղարաբաղում կայուն հրադադարի դժվար է հասնել առանց վերահսկման գործուն մեխանիզմների մասին պայմանավորվածությունների: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչպես ցույց է տալիս փորձը, վերահսկման մեխանիզմներով չամրապնդված խոստումները՝ կրակը դադարեցնելու մասին, միշտ չէ, որ իրականացվում են: Հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության մեջ ասվում է այն մասին, որ հրադադարի պահպանման կոնկրետ պարամետրերը լրացուցիչ կհամաձայնեցվեն: Դա բավական բարդ աշխատանք է: Գոյություն ունեն տվյալ հարցի լուծման տարբեր մոտեցումներ: Կան տարբերակներ՝ գործի դնելու վերահսկման մեխանիզմների տարբեր էլեկտրոնային միջոցներ, թեժ գծեր Երևանի ու Բաքվի միջև, ԵԱՀԿ հովանու ներքո դիտորդների ներգրավում, ռազմական խմբերի մասնակցությամբ գործողությունների անցկացում: Առայժմ բոլոր պարամետրերը համաձայնեցնել չի հաջողվել: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Կարևորը՝ ցանկացած մեխանիզմ պետք է ընդունելի լինի կողմերի համար և իրավիճակի շուտափույթ լուծման հնարավորություն ենթադրի»,- ասել է նա:

--00--ԱԹ