Թուրքական ապրանք ներմուծողները գիտեն այլ շուկաների հնարավորությունների մասին. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

տիգրան խաչատրյան

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումը վերաբերում է միայն վերջնական սպառման ապրանքներին: Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ մասնավորեցնելով.

«Այն ապրանքատեսակները, որոնք միջանկյալ սպառման են կամ որևէ արտադրողի կողմից օգտագործվում են իր արտադրությունը սպասարկելու, կազմակերպելու համար, դրանց նկատմամբ մենք սահմանափումներ չենք կիրառում»:

Նախարարը համոզմունք հայտնեց՝ այդ բիզնեսով զբաղված անձինք անչափ լավ գիտեն, թե որտեղ են գտնվում այլ հնարավորությունները, այսինքն՝ եթե գիտեն, որ 2021 թ. հունվարի 1-ից իրենք չեն ներկրելու թուրքական ծագման վերջնական ապրանքատեսակներ, դա կարող են անել այլ շուկաներից՝ ՌԴ-ից, Իրանից, Բելառուսից, Չինաստանից:

«Դա բիզնես որոշում է, որը կկայացնի ցանկացած տնտեսվարող՝ հաշվի առնելով այն այլընտրանքային հնարավորությունները, որոնք կան»,- ասաց նա:

Տիգրան Խաչատրյանը նշեց՝ գործ ունենք ամբողջ մեր շուկայի սպառման ծավալի նկատմամբ շատ փոքր տեսակարար կշիռ ունեցող թուրքական ապրանքների քանակի հետ.

«Մենք ունենք գնահատականներ, որ առանձին վերցրած՝ որևէ ապրանքային սեգմենտ չկա, որտեղ թուրքական ապրանքներն ունեն գերակշիռ նշանակություն, հետևաբար, վստահաբար գնաճ չի լինի: Ներկրումներ կիրականացվեն այլ շուկաներից, կլրացվի»:

--00--ԱԹ