Բաշիբոզուկների թաղումների կադրերում երաժշտական ֆոն են շիայական սգասացության երգերը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

ադրբեջան

Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սեփական հասարակության վրա ներազդելու առումով աննախադեպ լավ է նախապատրաստվել այս պատերազմին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ուշադիր հետազոտողը միանգամից կնկատի, որ մեր փառապանծ բանակի կողմից ոչնչացված բաշիբոզուկների թաղումներ պատկերող կադրերի համար որպես երաժշտական ֆոն հաճախ օգտագործվում են շիայական սգասացության երգեր (مرثیه [mərsiyyə])։ Ուշագրավ է, որ բովանդակային առումով դրանցում հատկապես անդրադարձ է եղել իմամ Հուսեյնի մանկահասակ որդու՝ Ալի Ասղարի, ցավալի նահատակության դրվագին 7-րդ դարում։

Սգո նշված երգերի տեսահոլովակները ստեղծվել, վերամշակվել և համացանցում տարբեր հայտնի երգիչների կատարմամբ մեթոդաբար տարածվել են հատկապես օգոստոսի վերջին մի քանի օրերին (Աշուրայի ժամանակահատվածում), ինչը ցուցիչ է այն բանի, որ արդեն այդ ժամանակ մեր դեմ պատերազմի նաև գաղափարական նախապատրաստության հիմնական փուլը հասել է ավարտին։

Այս քարոզչական գործողության հիմնական նպատակը Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման ներսում շիա հավատացյալների հոծ խմբերի կրոնական զգացմունքերի վրա ազդելն է երկու հիմնական նշանակետով՝ նրանց դրդել ակտիվորեն մասնակցել պատերազմին և սպանվելու դեպքում վերջիններիս ընտանիքներին հանգստացնել իրենց որդիների իբր «շիա նահատակների ուղով անցած լինելու» հանգամանքով։

Երկրորդական նպատակն, ակնհայտորեն, նման քարոզչությամբ վերոնշյալ խմբերին իրանական գաղափարական հուժկու ազդեցության տակից դուրս բերելը և Բաքվի բռնապետի համար ավելի կառավարելի դարձնելն է։

Չեմ կարծում, թե բռնապետի քարոզչամեքենան կարող էր ինքնուրույնաբար այդպիսի նուրբ աշխատանք տանել, և ամենայն հավանականությամբ, եղել են խորհրդականներ կամ հենց բուն գործողությունը ծրագրողներ այլ՝ ավելի ստեղծագործ, քարոզչական համակարգերից։

Չնայած սրան, մասնագետը կարող է շիայական իսլամի տեսանկյունից առնվազն երկու խոցելի և խիստ խնդրահարույց կետ գտնել գործողության մեջ։ Բայց, հո, ամեն ինչ չե՞նք ասելու, թող գնան, մտածեն և ավելի լավ խորհրդատուներ գտնեն, եթե կարող են։

#մահ_թշնամուն»,-գրել է իրանագետը:

--00—ԼՄ