Խոչընդոտն Ադրբեջանի դժկամությունն է՝ լինել հանձնառու կայուն, վերահսկելի հրադադարին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Մմնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Sputnik International»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ռուսական ռազմական դիտորդների տեղակայումը դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի հաստատումն ապահովող արդյունավետ միջոց, պատասխանել է.

«Հայաստանը մշտապես աջակել է հրադադարի կայուն մշտա​դիտարկման գաղափարին, որը խաղաղ գործընթացում ներդրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլյան էսկալացիայից անմիջապես հետո: Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի ընդլայնման և հրադադարի հետաքննության մեխանիզմի հաստատման վերաբերյալ, սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց իրագործել այս պայմանավորվածությունը: Սա ի ցույց է դնում, որ ոչ երեկ և ոչ էլ այսօր Ադրբեջանը հետաքրքրված չէ կայուն և վերահսկելի հրադադարի հաստատմամբ։ Մեր դիրքորոշումն անփոփոխ է, և մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը»:

Լրագրողը հիշեցնում է՝ վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են «բավականին բովանդակային» խորհրդակցությունները Արցախում հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծման վերաբերյալ՝ համաձայն Ռուսաստանի մայրաքաղաքում ձեռք բերված պայմանավորվածությունների:

«Ներկայումս ո՞ր փուլում են այս բանակցությունները, և ե՞րբ եք ակնկալում, որ այդ մեխանիզմները կներդրվեն: Որո՞նք են այս գործընթացի խոչընդոտները: Հայաստանն առաջիկայում դիտարկու՞մ է հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների շուրջ Ադրբեջանի հետ Մոսկվայում հանդիպում անցկացնելու հարցը, և եթե այո, ապա ո՞րն է մոտավոր ամսաթիվը» հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշում է.

«Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնության եկան համատեղ հայտարարության շուրջ, որի՝ իրար հաջորդող դրույթները հանդիսանում են  իրագործման ճանապարհի քարտեզ։ Ուստի նախ պետք է առանց նախապայմանների և անհապաղ կյանքի կոչվեն երեք դրույթներ, որոնք նախատեսում են կրակի դադարեցում, հրադադարի ռեժիմի չափորոշիչների մշակում, ռազմագերիների և մարմինների փոխանակում։ 

Բանակցություններում հիմնական խոչընդոտն Ադրբեջանի դժկամությունն է լինել հանձնառու կայուն և վերահսկելի հրադադարին։ Ադրբեջանը շարունակաբար հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումից՝ միևնույն ժամանակ առաջ տանելով կայուն հրադադարից հրաժարվելու և փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու հնարավորություն ընձեռնելու իր վաղեմի դիրքորոշումը»։ 

--00--ԱԹ