Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը․ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29 24News

ԱԳ նախարար

Երևանն աջակցում է Լեռնային Ղարաբաղում դիտորդների տեղակայմանը։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Երևանը միշտ աջակցել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկման գաղափարին, որն առաջարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2016-ի ապրիլի սրացումից հետո: Ըստ Մնացականյանի՝ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ նախագահող երկրի հատուկ ներկայացուցչի դիտորդական խումբը և ստեղծել հրադադարի ռեժիմի խախտումների դեպքերի հետաքննման մեխանիզմ:

«Սակայն հետագայում Ադրբեջանը հրաժարվեց կատարել այդ պայմանավորվածությունները: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ոչ երեկ, ոչ այսօր Ադրբեջանը շահագրգռված չէ կայուն ու ստուգելի հրադադարի ռեժիմով: Բայց մեր տեսակետը չի փոխվել, և մենք աջակցում ենք դիտորդների տեղակայմանը»,- ասել է Մնացականյանը։

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ