Հակաիրանական տրամադրությունների գեներացում չպետք է թույլ տանք. Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

գոռ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Իրանի մշակած նախագծին:

«Մոտ օրերս Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին կգա Երևան՝ իր հետ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց «մշակած» նախագիծը:

Բաքվում այդ պլանի վերաբերյալ նրա արած հայտարարություններից, որոնք ներկայացրել են հենց իրանական լրատվամիջոցները, արդեն իսկ կարելի է կարծիք կազմել, թե որքանով կարելի է այն հավասարակշռված համարել՝ չհաշված նաև Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ նրա կողմից տրված գնահատականները:

Այսուհանդերձ, հարկ է, որպեսզի հենց այս պահից հաշվի առնենք երկու կարևոր հանգամանք և այս պատերազմի ողջ ընթացքում առաջնորդվենք այդ հաշվառմամբ:

1. Կարգավորման այդ փաթեթի, գործընթացում Իրանի դերակատարության հավակնությունների կապակցությամբ որևէ հակաիրանական տրամադրությունների գեներացում չպետք է թույլ տանք և պահպանենք գերզսպվածություն և գերզգուշություն. անգամ հարկ չեմ համարում պարզաբանելու, թե ինչու: Վստահ ենք, Երևանում գիտեն ինչպես հարգանքով ընդունել, լսել ու ճանապարհել մեր հարգելի հարևան երկրի բանագնացին:

2. Իրանական քաղաքականությունը երբեք միագիծ չի եղել և չէ: Պետք է հիշել ընդամենը, որ 1992թ. մայիսի 7-8 ին, երբ արդեն իրականացվում էր Շուշիի ազատագրման օպերացիան, Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը և Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը ԻԻՀ նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի հրավերով գտնվում էին Թեհրանում՝ ԼՂ կարգավորման բանակցությունների համար: Ավելին. Շուշին Ադրբեջանի կողմից կորցնելու մասին լուրը Թեհրանի օդանավակայանում հյուրերին ճանապարհելիս անձամբ Ռաֆսանջանին է շատ զգուշավոր կերպով հայտնել Մամեդովին:

Հետևաբար՝ ռացիոնալություն և ոչ մի զգացմունքայնություն»:

--00—ԼՄ