Ֆրանսիան ու ԱՄՆ-ն պետք է օգնեն ՌԴ-ին իր միջնորդական ջանքերում. Փաշինյան 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել:

WION - Արդյոք կարելի՞ է ասել, որ Հայաստանը հայտնվել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընթացող միջնորդավորված, անուղղակի պատերազմի թատերաբեմում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան  - Ոչ, ես չեմ կարող այդպիսի բան ասել, որովհետև Ռուսաստանը ներգրավված չէ պատերազմում, և Ռուսաստանը հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որտեղ պետք է քննարկվի և լուծվի Ղարաբաղի հարցը: Ռուսաստանը, այո՛, Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց նա պատերազմի մեջ ներգրավված չէ և ավելի շատ ներգրավված է որպես միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության Ղարաբաղի հարցը կարգավորելու և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործում:

WION – Ռուսաստանը փորձեց միջնորդություն ունենալ խաղաղության ձեռքբերման ուղղությամբ, այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն միջնորդական նախաձեռնություն հանդես բերեց` ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին։ Այսպիսով` երկու միջնորդական ջանքեր և ոչ մի արդյունք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է մեկտեղեն ջանքերը խնդրի կարգավորման վրա և ոչ թե առանձին նախաձեռնություններով հանդես գան: Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում ճիշտ կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան աջակցեն Ռուսաստանի խաղարարար ջանքերին և ոչ թե իրենք փորձեն առանձին խաղարարար նախաձեռնություններ ցուցաբերել: Մանավանդ որ, Ռուսաստանը, մոտ լինելով և ներկա լինելով տարածաշրջանում, ավելի գործուն լծակներ ունի իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն գործելու համար:

WION - Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ չեք մասնակցում Վաշինգտոնի նախաձեռնած խաղաղության գործընթացին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք, իհարկե,  մասնակցում ենք։ Մեր արտաքին գործերի նախարարն արդեն Վաշինգտոնում է և այսօր հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ (խմբ. հարցազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-ին): Ես ուղղակի շարադրեցի մեր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է շարժվեն նույն, այլ ոչ թե տարբեր ուղղություններով:

WION - Անցյալ տարի Դուք այցելել եք Լեռնային Ղարաբաղ և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչվել ՄԱԿ-ի կողմից։ Արդյոք կարծո՞ւմ եք, որ միջազգային հանրությունը կաջակցի Ձեզ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք նախ պետք է իմանանք Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս փուլում ծագել է 1988 թվականին Խորհրդային միության ժողովրդավարացման շրջանում, երբ Միխայիլ Գորբաչովը Խորհրդային միությունում ձեռնարկել էր վերակառուցման գործընթաց, և այդ վերակառուցման գործընթացը ենթադրում էր ժողովրդավարություն: Եվ Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք միշտ կազմել են այդ տարածաշրջանի բնակչության 80 և ավելի տոկոսը, որոշեցին օգտվել իրենց խախտված իրավունքները վերականգնելու հնարավորությունից:

Իսկ ի՞նչ իրավունք էր խախտվել. խնդիրն այն էր, որ Խորհրդային միության ձևավորման շրջանում 80 և ավելի տոկոս բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը ոչ թե Խորհրդային Հայաստանի կազմ մտավ, այլ Խորհրդային Ադրբեջանի, և դա տեղի ունեցավ Ստալինի կայացրած կամայական որոշման հետևանքով: Եվ 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերը խաղաղ գործընթաց սկսեցին, որի արդյունքում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի խորհրդարանն ընդունեց Հայաստանի հետ վերամիավորվելու մասին որոշում: Հայ ժողովուրդը դա համարում է պատմական որոշում, որովհետև Հայաստանի խորհրդարանը նույնպես համանման որոշում կայացրեց: 

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ես կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի փաստերը: Ամենակարևոր փաստն այն է, որ այսօր Լեռնային Ղարաբաղը պատերազմում է այդ թվում միջազգային ահաբեկիչների դեմ: Լեռնային Ղարաբաղն այս իմաստով գտնվում է միջազգային ահաբեկչության դեմ պատերազմում և քաղաքակրթական առաջնագծում: Եվ կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այո՛, պետք է այս իրավիճակում կիրառի «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևը:

WION – Արդյոք ակնկալո՞ւմ եք Հնդկաստանի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում Ձեր դիրքորոշմանը, և ինչպիսի՞ աջակցություն եք ակնկալում Նյու -Դելիից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասացի՝ ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, ակնկալում եմ նաև Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի: Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ և այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության»  (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար և ճանաչել նրա անկախությունը:

WION - Հրադադարի հաստատման ուղղությամբ ջանքերը ձախողվել են, խաղաղությանը միտված միջազգային նախաձեռնությունները խաղաղություն չեն բերել։ Ի՞նչ եք կարծում՝ որքա՞ն երկար սա կարող է շարունակվել, արդյոք երկարատև պատերազմի եք նախապատրաստվո՞ւմ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Լեռնային Ղարաբաղի հայությունը, ինչպես արդեն ասացի, մինչև վերջ պիտի պայքարի իր անվտանգությունը պաշտպանելու համար: Բայց ես հույս ունեմ, որ մեր գործադրած դիվանագիտական ջանքերը րոպե առաջ կկանգնեցնեն պատերազմը: 

WION – Պարոն վարչապետ, շնորհակալ ենք հարցազրույցի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ:

--00--ԱՀ