Բանակցում ենք, որ գտնենք ԼՂ-ում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավական եղանակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25 24News  

CNN

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույցը է տվել CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին․

Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռևս հրադադարի հաստատման հույս կա։

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձևաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում։

Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման և հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։

Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից և Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլևս չպետք է տեղի ունենա:

Քրիստիան Ամանպուր. Հասկանում եմ, որովհետև մենք հետևում էինք այդ իրավիճակին, և այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։

Զոհրաբ Մանցականյան. Միանշանակ։

Քրիստիան Ամանպուր. Ուզում եմ Ձեզ հարցնել հետևյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևերի, պահանջվում էր, ինչպես, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձև ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր Ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սևով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաև ձեր ժողովուրդի անվտանգության և այլ իրավունքների մասին։ Քանի որ դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք և Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են:

Զոհրաբ Մանցականյան. Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետին հայացք ենք նետում 1993թ․-ին, ապա շատ կարևոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992թ.-ից մինչև 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջև էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների և բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, և այսօր պարզ երևում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։ 

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ