Կոնգրեսական Բարբարա Լին Մայք Պոմպեոյին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24  24News  

ԱՄՆ

ԱՄՆ  Կոնգրեսի անդամ Բարբարա Լին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել հստակ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բարբարա Լին Պոմպեոյին կոչ է արել հասկացնել Ադրբեջանին, որ հանդուրժողականությունը չցուցաբերելու դեպքում կասկածի տակ կդնեն ԱՄՆ-ից ստացվող աջակցությունը:

Բարբարան Պոմպեոյին կոչ է արել նաև աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ՝ կոչ անելով  Ալիևի կառավարությանը դադարեցնել  հարձակվողական գործողությունները ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ և անցնել Արցախի անվտանգության և կարգավիճակի հետ կապված հարցերի խաղաղ լուծմանը:

Կոնգրեսականը կոչ է արել նաև Մինսկի խմբի հետ աշխատել, ստիպել Ադրբեջանին համաձայնվել շփման գծի երկայնքով միջազգային մոնիթորինգի ներդրմանը, ինչպես նաև բարձր մակարդակով համագործակցել Թուրքիայի հետ և հասկացնել, որ Ադրբեջանի վերջին գործողություններին աջակցելը վնասում են տարածքաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ