Ռոհանին Էրդողանին ասել է, որ Պուտինի հետ կարող են վերականգնել տարածաշրջանի խաղաղությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ռոհանի

Հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նման կարծիք է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է tasnimnews.com-ը: 

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ միանգամայն պարզ է, և մենք հավատացած ենք, որ պատերազմը այս ճգնաժամի լուծումը չէ և որ իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների միջոցով»,-ասել է Ռոհանին և հավելել, որ Իրանն ու Անկարան՝ որպես տարածաշրջանային հզոր երկրներ, կարող են համատեղել ուժերը ու Ռուսաստանի հետ վերականգնել տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

--00—ԼՄ