Նույնիսկ մատ չեք շարժել Թուրքիայի դեմ. Սերժ Թանկյանը՝ Թրամփին ու Փենսին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

սերժ

Ռոք երաժիշտ Սերժ Թանկյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությանը՝ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

«2 տարի առաջ դուք պատժամիջոցներ կիրառեցիք թուրք պաշտոնյաների նկատմամբ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ չարձակելու համար, բայց դուք նույնիսկ մատ չեք շարժել պատժամիջոցներ կիրառելու համար Թուրքիայի դեմ Արցախում տասնյակ անմեղ քրիստոնյա հայերի սպանության համար»,- գրել է նա։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

--00—ԼՄ