DLA Piper, The Livingston Group ընկերությունները հրաժարվել են ներկայացնել Ադրբեջանի շահերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News   

ԱՄՆ

Ամերիկայի հայկական համագումարը հայտարարել է, որ Ամերիկյան երկու խոշոր լոբբիստական ընկերություն հրաժարվել են ներկայացնել ադրբեջանական շահերը Վաշինգտոնում և մերժել են Բաքվի «արյունոտ փողերը»։ Ինչպես հաղորդում է համագումարը՝ վկայակոչելով նախաձեռնության հեղինակներ Էնթոնի Բարսամյանին ու Վան Գրիգորյանին, արվելու է հնարավորը, որպեսզի այլ կազմակերպություններ էլ վարվեն նույն կերպ։

«Ալիևի ռեժիմի հետ չասոցացվելու համար, որի պարագլուխը (Նախագահ Իլհամ Ալիևը) խոստացավ քրիստոնյա հայերին «շների պես սրբել», այդ ընկերությունները պետք է դադարեցնեն արյունոտ փող վերցնել Ադրբեջանից և Թուրքիայից, եթե նրանք ունեն ամերիկյան հայրենասիրության գիտակցություն կամ զգացում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարության մեջ։

ԱՄՆ մեկ միլիոնանոց հայ համայնքը լուրջ ազդեցություն ունի ԱՄՆ օրենսդիրում, և համայնքային կազմակերպությունները շարունակում են Ադրբեջանի շահերը ներկայացնող լոբբիստական կազմակերպությունների հետ տարվող բացատրական աշխատանքը։

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ