Արցախը Մակրոնից ճանաչում է ակնկալում. «Свободная Пресса»-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

մակրոն

«Свободная Пресса»-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Ֆրանսիայի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցին: Նման կոչ է արել «Հանրապետական» կուսակցությունը ներկայացնող սենատոր Վալերի Բուայեն, ըստ նրա՝ ԼՂ-ում Ադրբեջանի «հարձակմանը» հակազդել նշանակում է հակազդել նաև Եվրոպայում թուրքական իսլամիզմի տարածմանը:

Պրիմակովի անվան միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ինստիտուտի գիտաշխատող Պավել Տիմոֆևը վերլուծել է թեման՝ կարծիք հայտնելով, որ Ֆրանսիայի «Հանրապետական» կուսակցությունը կարող է բանաձևը նկատի ունենալ, բայց չընդունել:  

Ավելին, Տիմոֆևը կարծում է՝ Հայաստանը պետք է առաջինն ընդունի ԼՂ անկախությունը, եթե ցանկանում է, որ դա անեն մյուսները: Սակայն կա նաև այլ կարևոր կետ:

«Ֆրանսիան, թեև հպարտանում է որոշումներ կայացնելու իր ինքնուրույնությամբ, վերջին շրջանում շատ հաճախ իր գործողությունները համաձայնեցնում է ԵՄ այլ անդամների հետ: Առաջին հերթին Գերմանիայի հետ: Մանավանդ, երբ խոսքը նման լուրջ հարցին է վերաբերվում»,- կարծում է մասնագետը, ապա անդրադարձել նաև Փարիզի և Անկարայի միջև վիճաբանություններին: Ըստ նրա՝ դրանք կապված են ոչ միայն ԼՂ-ի հետ, այլև Սիրիայի և Լիբանանի, ինչպես նաև հունա-կիպրա-թուրքական վեճը Միջերկրական ծովի շրջանում: 

«Հասկանում եք, Ֆրանսիայի համար ԼՂ-ն և ամբողջ Կովկասը ոչ առաջնային կարևորության մի շրջան է: Այդ պատճառով էլ պատկերացնել, որ Փարիզը պատրաստ է այնտեղ ուղարկել ինչ-որ ռազմական ուժեր, դա ընդհանրապես ֆանտաստիկայի ժանրից է, ընդ որում՝ գիտական»,- կարծում է Տիմոֆևը:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

--00—ԼՄ