Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել ԼՂ-ից արևելք, հյուսիս, և հարավ -արևելք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը, որը ներկայացվում է ստորև.

IRNA - Դուք բազմիցս նշել եք, որ ներկայիս ռազմական հակամարտությունը վաղուցվանից ծրագրված է եղել: Ի՞նչ ապացույցներ կան, և այդ վաղօրոք պատրաստվածությունը հակամարտության ապագայի ի՞նչ հեռանկար է ցույց տալիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այս պատերազմից մոտ մեկուկես ամիս առաջ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էր անում, և այդ զորավարժությունների ավարտից հետո Թուրքիայի զորքերի մի մասը մնաց Ադրբեջանում: Բացի այդ, արդեն ասացի՝ Թուրքիան Սիրիայից ահաբեկիչ վարձկանների էր հավաքագրել և տեղափոխել Ադրբեջան: Ինչի՞ համար էին տեղափոխում Ղարաբաղյան հակամարտության գոտի՝ բնականաբար, պատերազմ սկսելու համար: Եթե պատերազմը չէր պլանավորվում, ահաբեկիչ վարձկաններին Սիրիայից Ադրբեջան տեղափոխելու որևէ իմաստ չէր կարող լինել, և փաստն այն է, որ նրանք այդտեղ են: Այսօր արդեն այդ ահաբեկիչների ներկայությունն ապացուցված է, և այդ կապակցությամբ շատ փաստաթղթեր են հրապարակված: Այս բոլոր փաստաթղթերը վկայում են, որ, այո, պատերազմը նախապես ծրագրված է եղել, և ըստ էության, հիմա մենք հենց այդպիսի լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք գտնվում, որն սպառնում է ողջ տարածաշրջանային կայունությանը:  

IRNA - Ձեր կարծիքով՝ ի՞նչ գործոններ են արգելք հանդիսանում Ղարաբաղում զինադադարի հաստատման համար, և Մոսկվայի հանդիպումից և շաբաթ երեկոյան Բաքվի և Երևանի միջև համաձայնությունից հետո ինչո՞ւ են շարունակվում ռազմական գործողությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Միանշանակ է, որ Թուրքիան անընդհատ քաջալերում է, որ զինադադար չլինի, որովհետև, կարծում եմ, որ Թուրքիայի խնդիրները շատ ավելի լայն են: Այստեղ ոչ միայն Ղարաբաղի հարցն է, այլև ընդհանուր առմամբ Թուրքիան որոշել է ձեռք դնել տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա: Ցանկանում եմ ընդգծել, որ սա Թուրքիայի կայսերական քաղաքականության մի մասն է, և Թուրքիան ցանկանում է իր ազդեցությունը տարածել դեպի Ղարաբաղից արևելք, հյուսիս, և հարավ -արևելք: Եվ այս քաղաքականությունն ուղղակի ազդեցություն է ունենալու տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Տարածաշրջանի երկրները պետք է ի նկատի ունենան այս իրողությունը և հստակեցնեն իրենց դիրքորոշումը այս կապակցությամբ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ