Միջազգային հանրությանն այլ ընտրություն չի մնում, քան ճանաչել Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News

Սենատոր
ԱՄՆ սենատոր Էդվարդ Մարքին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սենատորը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել:

 Էդվարդ Մարքին պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել անհապաղ հրադադրի հասնել Լեռնային Ղարաբաղում և ձգտել ԼՂ հակամարտության բանակցային ճանապարհով լուծման:

Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի 23-ին Պոմպեոն առանձին-առանձին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Սենատորը նկատել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանխագահող երկրների՝ սկզբում Ռուսաստանի, ապա  Ֆրանսիայի մարդասիրական զինադադարի առաջարկները միանգամից խախտվել են: Մարտերը խլել են հարյուրավոր քաղաքացիական անձանց կյանքեր: Սենատորը շեշտել է նաև, որ Թուրքիան հայ ժողովրդի դեմ կռվելու համար բերել է նաև սիրիացի վարձկանների:

«Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, որոնց ամբողջությամբ աջակցում է Թուրքիան, պետք է դադարեցվեն: Պետքարտուղար Պոմպեոն պետք է հասկացնի, որ ԱՄՆ-ն աջակցում է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ է նպաստել բանակցություններին:  Հաջող զինադադարի և խաղաղության հասնելու համար այլ կողմերը, ինչպիսին Թուրքիան է, պետք է դադարեցնեն իրենց ագրեսիվ գործողությունները և ռազմական միջամտությունը: ԱՄՆ-ն պետք է անմիջապես հասնի շփման գծում հրադադարի և շտապ վերադարձի բանակցությունների՝ Մինսկի խմբի համանախագների միջնորդությամբ: Քանի որ Ադրբեջանը շարունակում է հակամարտությունը ապօրինի ռազմական ուժի միջոցով լուծելու իր փորձերը, միջազգային հանրությանն այլ ընտրություն չի մնում, քան անցնել Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը՝ կառուցողական բանակցությունների բացակայության պայմաններում»,- ասել է սենատորը:

Նա նաև նշել է, որ Պոմպեոն պետք է հասկացնի, որ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժինը ամբողջությամբ կկիրառվի, և այդպիսով ԱՄՆ-ն կդադարեցնի անվտանգության ոլորտում աջակցությունն Ադրբեջանին: Հայտարարությունում նաև ասվում է դեռ ավելին, Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Թրամփը, որոնք Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ սերտ կապեր են հասատատել, պետք է հասկացնեն իրենց ավտորիտար ընկերոջը, որ այս հակամարտությունում հետագա ներգրավումը Թուրքիայի համար կարժենա ռազմական օգնության և ջերմ հարաբերությունների դադարեցում: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: 

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ