Ամեն ինչ բանակցությունների սեղանին է․ մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.

Հարց- Ի՞նչ եք կարծում Մինսկի խումբը ճիշտ հարթակ է բանակցելու համար: Ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից կամ ավելի լայն՝ Եվրոպայից, քանի որ այս պահին խոսում եք Եվրոպայի մասին:

- Մինչ այդ եկեք վերլուծենք, թե ինչու՞ է Թուրքիան սա անում: Նրանք պնդում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն նրանք էթնիկ եղբայրներ են շատ այլ ազգերի հետ, որոնք Թուրքիայից շատ հեռու են: Նրանք խոսում են նաև PKK զինյալների մասին, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Նրանք խոսում են միջազգային խողովակաշարերի պաշտպանության մասին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա: Սա ևս մեկ անհեթեթություն է: Եթե հայերը դրանք հրետակոծելու որևէ մտադրություն ունենային, դա կանեին 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդավոր եվրոներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերին սպանել: Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում:

Հարց- Լեռնային Ղարաբաղը վերահսկում է յոթ շրջաններ, որոնք դարձել են բուֆերային գոտի: Ի՞նչ եք դուք դնում բանակցությունների սեղանին: Այդ յոթ շրջանները բանակցությունների մաս կազմելու՞ են:

- Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ