ԼՂ հակամարտությունում ՌԴ-ին ներգրավելու փոխարեն պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.
 

Հարց- Պարոն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

- Իրավացի եք, Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Պատմականորեն Ռուսաստանն ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենակարևորներից են երկու ժողովուրդների համար: Մենք միմյանց վստահում ենք: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից և այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, Ռուսաստանը կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի շահերից չի բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ Թուրքիայի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը:

Հարց- Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում:

- Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ