Ադրբեջանին թվում է, թե կարող է հակամարտությունը լուծել պատերազմի, ոչ թե խոսելու միջոցով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24News 

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.

Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը:

- Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը:

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով:

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ