Ռուս պատգամավորը շնորհակալ է Ադրբեջանին իրեն «սև ցուցակում» ներառելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17,  24News 

Միրոնով

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը ФАН-ի հետ հարցազրույցում ասել է՝ իր անունը ադրբեջանական իշխանությունների «սև ցուցակում» ներառելը խորհրդանիշն  է այն բան, որ պատերազմ հրահրած ագրեսորները չեն ցանկանում մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը:  

Ըստ խորհրդարանականի՝ Ադրբեջանն իրեն ներառել է այդ ցուցակում, քանի որ այնտեղ կարծում են, որ ռուս պատգամավորը պետք է Բաքվի հետ համաձայնեցնի իր այցը Լեռնային Ղարաբաղ:

«Եթե դա այն երկիրն է, որն ինքս եմ տեսել՝ ինչպես է ռմբակոծում խաղաղ բնակիչներին, այն երկիրն է, որը թուրքական անօդաչուներ է ուղարկում՝ կանանց, երեխաներին սպանելու, խաղաղ քաղաքները գնդակոծելու համար, ապա ես, հավանաբար, չեմ ուզում լինել այդ երկրի «սպիտակ ցուցակներում», ես ավելի լավ է լինեմ «ամենասև ցուցակներում»»,- ընդգծել է պատգամավորը:

Միլոնովը շնորհակալություն է հայտնել Բաքվին նման արձագանքի համար, սակայն ընդգծել է, որ Ադրբեջանը լավ կլինի, որ «ուշքի գա»:

«Քաղաքակիրթ պետությունը, որը փորձում է համաշխարհային հանրության անդամ լինել, իրեն այդպես պետք չպահի: Եվ եթե նույնիսկ ձախ ուսին նստած են «Իսլամական պետության» գրոհայինները և պարոն Էրդողանը, պարոն Ալիևը չպետք է իրեն պահի այնպես, ինչպես մի մարդ, որը մեկընդմիշտ իր անունը կմտցնի ադրբեջանական պատմության սև ցուցակներում: Չէ՞ որ նա Ադրբեջանի որդիներին դրդում է դեպի հակամարտություն, եղբայրասպան պատերազմի, մահվան»,- նշել է պատգամավորը։

Նա հույս հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ԼՂ-ում մարտական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում կկայացնեն:

«Նրանք կարող են ինձ ցմահ գրանցել այդ ցուցակում, կարևորն է այն, որ իրենք այդ ցուցակներում չներառեն մահացած խաղաղ բնակիչներին: Իսկ նրանք հենց դա էլ անում են: Նրանք պատերազմ են վարում, նրանք մարդասպաններ են, և մարդկանց արյունը նրանց ձեռքերի, նրանց խղճի վրա է»,-մեկնաբանել է Միլոնովը:

Հարցազրույցում նա հավելել է, որ Ստեփանակերտում է հումանիտար նպատակներով։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ