Փոքրիկ Արցախը կարողանում է զսպել ահաբեկիչների հոսքը Ռուսաստան. Սատանովսկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Սատանովսկի

Ռուս քաղաքական վերլուծաբան Եվգենի Սատանովսկին ֆեյսբուքյան էջում դիմել է ռուսական հեռուստատեսության փորձագետներին, քաղաքագետներին, լրագրողներին: Նա խնդրել է Արցախի և այնտեղ ընթացող պատերազմի թեմայով ելույթ ունենալիս խուսափել կտրուկ արտահայտություններից՝ իրավիճակն ավելի չսրելու համար:

«Դաժան ու ծանր պայքար է ընթանում ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական հարթությունում, և յուրաքանչյուր անզգույշ խոսք միայն ավելի ու ավելի է բարդացնում տարածաշրջանում ու ՌԴ սահմաններին առանց այդ էլ դժվար իրավիճակը»,- նշել է նա:

Սատանովսկին ընդգծել է՝ Հայաստանի մասին խոսելիս, ինչպիսին էլ լինի իրենց անձնական վերաբերմունքը Հայաստանի, հայ ժողովրդի և անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ոչ թե հենց Փաշինյանի, այդ պատճառով «սորոսիկներ» անվանարկումն ու մեղադրանքները պետք է մի կողմ թողնել:

«Համարձակվում եմ հիշեցնել, որ Սորոսն ու իր ողջ թիմը գրեթե 30 տարի հաջողությամբ ծաղկում էին Ռուսաստանում, և ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանը, ՌԴ իշխանությունների, Ռուսաստանի, առավել ևս՝ ռուս ժողովրդի հետ հարաբերություններ կառուցելիս ոչ մի անգամ այդ հանգամանքի համար չմեղադրեց, թեպետ իհարկե այսօր Հայաստանի ուղղությամբ «սորոսիկներ» գոռացողների մեջ կլինեն անձինք, փորձագետներ, ովքեր ժամանակին Ռուսաստանում օգտվել են Սորոսի ծառայություններից:

Հայաստանում ով էլ եղել է իշխանության ղեկին, Հայաստանը երբեք Ռուսաստանի առջև ստանձնած իր պարտավորություններում չի թերացել, նույն Փաշինյանն էլ, մեծամասնության կամքով իշխանության գալով, ՌԴ հետ ոչ մի պայմանագիր չի խզել, չի խախտել, հակառակը, նրա օրոք հայ զինվորականները մեկնեցին Սիրիա՝ օգնելու դաշնակից Ռուսաստանին:

Ու սա՝ այն դեպքում, որ հայ-ռուսական հարաբերությունների պատմության ընթացքում Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին: Չխորանանք պատմության մեջ, այսօր խոսքը ոչ թե Փաշինյանի, այլ հայերի իրավունքի մասին է՝ ապրել նախնիների հազարամյա հողի վրա, խոսքն այն մասին է, որ փոքրիկ Արցախը կարողանում է զսպել ահաբեկիչների հոսքը Ռուսաստան:

Եղեք խելամիտ, ինքնագովազդի, ոսկու հետևից վազելիս մի մոռացեք, խնդրում եմ, նախևառաջ սեփական Հայրենիքի պաշտպանության մասին: Հասկանալի է, որ Ռուսաստանը չի շտապում օգնել հայ ժողովրդին և ելնում է սեփական շահերից, բայց եթե չեք ցանկանում օգնել, գոնե եղեք ազնիվ, Թուրքիայի սանձարձակությանը արդարացում մի փնտրեք ի դեմս Սորոսի, Փաշինյանի կամ մեկ ուրիշի»,- գրել է նա:

--00--ԱԹ