Եթե վիճակը վատթարանա, ՌԴ-ն, ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց պարտավորությունները. վարչապետը՝ RTS-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը հարցազրույց է տվել, որի շրջանակում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է աջակցեն Ռուսաստանի՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին:

Հաղորդավարի հարցին՝ ո՞րը պետք է լինի պետք է լինի ՌԴ-ի դերը և արդյոք կցանկանա Հայաստանն ավելի շատ աջակցություն ստանալ Մոսկվայից, վարչապետը պատասխանել է. «Մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ռուս գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում: Արդեն հստակ հայտարարություններ են եղել առ այն, որ եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»:

Հարցին՝ լո՞ւրջ է մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հիշեցնելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտնել է 2 շաբաթ մարտերի հետևանքով տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ իրավիճակն ավելի քան լուրջ է:

«Լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում: Անգամ ռազմական փորձագետներն ասում են, որ գործ ունենք 21-րդ դարում աննախադեպ ռազմական գործողությունների հետ՝ հաշվի առնելով օգտագործված ամբողջ սպառազինությունը՝ լինի  տանկ, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և մեծ թվով զորքեր:

Կարևոր է նաև նշել, որ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ սկզբնական օրերից հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա՝ ռմբակոծելով քաղաքներ և գյուղեր: Տաս օր անց ակնհայտ էր, որ զինադադար չի լինելու: Հետևաբար, Ղարաբաղի պաշտպանական ուժերը ստիպված էին որոշակի միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծումը գոնե փոքր-ինչ նվազագույնի հասցնելու համար»,-ասել է Փաշինյանը:

Դիտարկմանը, թե հրադադար չի պահպանվել, երկու կողմում էլ խաղաղ բնակիչներ են զոհվում: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը մարտերը դադարեցնելու համար, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Հրադադարը ոչ թե չի պահպանվել, այլ նույնիսկ չի էլ եղել, քանի որ հենց այն պետք է ուժի մեջ մտներ, Ադրբեջանը նոր գրոհներ սկսեց: Երբ խոսքը փոխզիջումների մասին է, Հայաստանը միշտ պատրաստ է եղել դրանք կատարել: Բայց զիջումներ պետք է արվեն երկու կողմից էլ: Ադրբեջանը երբեք պատրաստ չի եղել փոխզիջման: Սա է պատճառը, որ իրավիճակն այսպես է զարգանում»:

ՀՀ վարչապետը նաև նշել է, որ Ադրբեջանն այսօր ավելի քիչ է ցանկանում հրադադար պահպանել այն պատճառով, որ Թուրքիան ղեկավարում է գործընթացը, իսկ Թուրքիայի համար սա միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ:

«Այն, ինչ տեղի է ունենում, թուրքական էքսպանսիոնիստական և իմպերիալիստական քաղաքականության հետևանքն է: Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն է վերջինի՝ դեպ արևելք և հարավ-արևելք ընդլայնվելու ճանապարհին:

Իմ կարծիքով՝ շատ կարևոր է նշել, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներից դուրս է եկել ու շատ ավելի լայն տրամաբանության մեջ մտել: Իրավիճակը պետք է դիտարկվի Հարավային Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում Թուրքիայի վարած քաղաքականության, ինչպես նաև՝ Հունաստանի և Կիպրոսի հետ իր հարաբերությունների համատեքստում»,-ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նաև ընդգծել է, որ Թուրքիան ապակառուցողական դեր ունի հակամարտությունում, և կոչ է արել միջազգային հանրությանն արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է ԼՂ-ում, հակառակ դեպքում արցախցիները ցեղասպանության վտանգի առաջ կկանգնեն:

--00—ԼՄ