Սկսվել է Արցախի ՊՆ համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News     

թոշակ

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել պաշտպանության բանակի համակարգի կենսաթոշակների և ամենամսյա պարգևավճարների 2020 թվականի հոկտեմբեր ամսվա վճարման մասին:

«2020 թվականի հոկտեմբերի 15-ից սկսվել է Արցախի Հանրապետության պաշպանության նախարարության համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգևավճարների վճարումները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։

Կենսաթոշակ և (կամ) ամենամսյա պարգևավճար ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ շահառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով»,- ասված է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ