Հայկական Կարմիր խաչի կամավորները գնահատում են Արցախից Երևան տեղափոխված անձանց կարիքները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News    

Կարմիր խաչ

Այս օրերին մեր կամավորներն իրականացնում են կարիքների գնահատում Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով ինքնաբուխ Հայաստան տեղափոխված մարդկանց շրջանում։ 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը՝ մարդասիրական ոլորտում, Հայաստանի Հանրապետության կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում այս մարդկանց՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության և անկողնային պարագաների, բժշկական սարքավորումների տեսքով:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ