ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում կշնորհվի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15,  24News    

Օնիկ Գասպարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահին մի շարք զինվորականների կոչումներ շնորհելու միջնորդություն է ներկայացրել։

«Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին»,- հայտնել է նա:

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ