Անհնար է, որ մենք ինչ-որ բան որոշենք և դա օրակարգ բերենք առանց ԼՂ համաձայնության․ նախարար

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Լեռնային Ղարաբաղին բանակցային գործընթացից բացառել հնարավոր չէ, քանի որ հարցը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին, նրա բնակչությանը, որն իշխանություն է ընտրել: Ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այն, որ Ղարաբաղը բանակցային սեղանին շուրջ չէ, չի նշանակում, որ մենք մեր կողմից չենք աշխատում նրա ներկայացուցիչների հետ: Բայց եթե որևէ մեկը ենթադրում է, թե մենք Ղարաբաղ ենք զանգում և հրամաններ տալիս, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում, մեր կյանքում և մեր հարաբերություններում առկա իրողությունները: Անհնար է, որ մենք Երևանում ինչ-որ բան որոշենք և դա օրակարգ բերենք առանց Ղարաբաղի համաձայնության։ Ադրբեջանի քարոզչության մեջ Լեռնային Ղարաբաղի ներգրավման հարցը այդպես սուր է դրված, որովհետև նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական» հակամարտություն է, որում Ղարաբաղն ընդհանրապես տեղ չունի: Բայց իրողություններն այլ են»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:

Արտգործնախարարը շեշտել է, որ միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը վերջինի անվտանգության ապահովման կարևոր միջոց է:

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման  հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունն ու ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք շատ բարդ իրավիճակում ենք, երբ Ադրբեջանը փաստացի գնում է հակամարտության ռազմական լուծման ճանապարհով, երբ նրանք փաստացի ոչ միայն ուժի կիրառման սպառնալիք են գործի դրել, այլ նաև հենց ուժ են կիրառել անմիջականորեն և մեծ հարված հասցրել խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից անվտանգության ապահովման կարևոր միջոց է»,- նշել է նախարարը:

ԱԳ նախարարը հավելել է, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է արտահանում Հարավային Կովկաս՝ ագրեսիվորեն միակողմանի աջակցություն ցույց տալով Ադրբեջանին և ահաբեկիչների տեղակայելով տարածաշրջանում:

«Մեզ նման ակտիվ մասնակցություն բացարձակապես պետք չէ, մենք դա որևէ կերպ չենք կարող ընդունել, առավել ևս՝ ողջունել»,- ընգծել է նախարարը:

--00--ԱՀ