Չեխիայի խորհրդարանում ԼՂ հակամարտությանը վերաբերող բանաձև են ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Չեխիա

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների Պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող բանաձև: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը:

«Բանաձևում Արտաքին հարաբերությունների կոմիտեն կոչ է անում երրորդ երկրների կառավարություններին չներգրավվել հակամարտության մեջ և թույլ չտալ այլ տարածքներից անհատ զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

Կոմիտեն կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին վերջ տալ զինված հակամարտությանը, թույլ տալ զոհերի աճյունների արժանապատիվ հանձնումը հողին և վերադառնալ բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա համանախագահների ձևաչափով: Կոմիտեն իր ափսոսանքն է հայտնում մարդկային կյանքերի կորստի կապակցությամբ և արտահայտում է իր վրդովմունքը քաղաքացիական թիրախների ռմբակոծման, ինչպես նաև միջազգանորեն արգելված զենքի, մասնավորապես՝ կասետային ռումբերի կիրառման կապակցությամբ:

Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար՝ իմ երախտագիտությունն եմ հայտնում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդային՝ ներդրված ջանքերի և կատարված աշխատանքի համար»,- գրել է նա:

--00--ԱԹ