Երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ՌԴ

RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի՝ ՌԴ-ն հավատարիմ կմնա պայմանագրի դրույթներին։ 

Թղթակցի հարցին՝ որպես Երևանի դաշնակից՝ Ռուսաստանը բավարար քայլեր կատարե՞լ է, նախագահ Սարգսյանը նախագահ հիշեցրել է, որ Ռուսաստանը հարաբերություններ ունի Հայաստանի հետ, կան ստորագրված պայմանագրեր՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում, Հայաստանը նաև ՀԱՊԿ մաս է կազմում:

«Նախագահ Պուտինը հստակ նշել է, որ հավատարիմ կմնան յուրաքանչյուր պայմանագրի դրույթներին: Կարծում եմ՝ սա կարևոր է Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության տեսանկյունից: Ես դա ողջունում եմ, որովհետև սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը վստահելի գործընկեր է:

Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Եվ այս հարաբերությունները հավասարակշռված են: Կարծում եմ, որ դրանք այնքան շատ են հավասարակշռված, որ երկու կողմերը կարող են Ռուսաստանին վստահել որպես միջնորդի: Այդ վստահության եւ պատասխանատվության շնորհիվ են կողմերը հավաքվել մեկ հարկի տակ եւ սկսել խոսել: Հույս ունեմ, որ վերջնական հրադադար կհաստատվի, եւ դրա հիման վրա կշարունակենք առաջ գնալ: Ռուսաստանի դերը շատ կարևոր է»,-հայտարարել է նախագահը:

Արմեն Սարգսյանը կարևորել է նաև այն, որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթակ, և որ համանախագահող երկրների նախագահները՝ Դոնալդ Թրամփը, Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը, դիմել են կողմերին:

«Նախագահ Թրամփը հիմա զբաղված է ընտրություններով, նախագահ Մակրոնը, ներկայացնելով Եվրոպան, ակտիվորեն ներգրավված է. ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան: Եվ, իհարկե, Ռուսաստանի դերն այս հարցում առանձնահատուկ է»,-ասել է Արմեն Սարգսյանը:

--00—ԼՄ