Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարը, այլև դիտավորյալ թիրախավորում է խաղաղ բնակչությանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24News  

ԱԳ

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել էր նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում օպերատիվ իրադրությունը: Նախարար Մնացականյանը ընդգծեց, ոչ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։

Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց:

Զրուցակիցներն ամփոփեցին խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում մինչ օրս արված աշխանքները։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ