ՌԴ ՊՆ-ն մտահոգ է Մերձավոր Արևելքից ԼՂ ահաբեկչական խմբավորումներ տեղափոխելու տեղեկությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

շոյգու

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մտահոգված է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալներ տեղափոխելու մասին տեղեկությամբ: Այդ մասին ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Խուլուսի Աքարին, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Աղբյուրը նաև նշում է, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ակտիվորեն մասնակցում է ԼՂ-ում իրավիճակի շուտափույթ կայունացմանը, և բանակցություններ է վարում տարբեր երկրների իր գործընկերների հետ:

Նշենք, որ ՀՀ ԱԱԾ-ն որպես ապացույց բազմաթիվ տեսանյութեր և հեռախոսային գաղտնալսումներ է տարածել առ այն, որ հակառակորդի կողմից հակամարտությանը մասնակցում են վարձկաններ Սիրիայից: 

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին, գրոհ էին ձեռնարկել: Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ