Վտանգի տակ է նաև հուշարձանների ճակատագիրը. Արա Աբրահամյանը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակ է ուղղել ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլային՝ կոչ անելով ազդել Մեհրիբան Ալիևայի վրա, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան է:

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի տիկին գլխավոր տնօրեն,

Արտակարգ հանգամանքները ստիպում են դիմել Ձեզ՝ ՅՈւՆԵՍԿՕ եզակի միջազգային կազմակերպության ղեկավարին, որը կոչված է բոլոր մարդասիրական միջոցներով ամրապնդելու խաղաղությունը մարդկանց մտքերում և գործերում:

Լինելով ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան՝ քաղաքակրթությունների միջև երկխոսության հարցով, խորապես կիսելով կազմակերպության սկզբունքները, որոնք 75 տարի առաջ են հիմնադրվել, ինչպես նաև ծագումով հայ լինելով՝ խնդրում եմ Ձեզ միավորել Ձեր ձայնը բոլոր նրանց ձայներին, որոնք հույս են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով շուտափույթ կարգավորման համար:

Դուք, ինչպես և ժամանակակից աշխարհի առաջատար քաղաքական գործիչներից շատերը, հասկանում եք, որ առանց խաղաղ բանակցությունների խաղաղության վերականգնում տեղի չի ունենա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարությամբ կոչ է արվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարություններին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները: Ցավոք, Բաքուն այդ կոչը չի լսել:

Ձեր անձնական միջամտության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր վտանգի տակ է գտնվում ոչ միայն մարդկային կյանքը, այլև բազմաթիվ քրիստոնեական հուշարձանների ճակատագիրը, որոնցով դարեր շարունակ հայտնի է եղել ղարաբաղյան հողը: Եվ այդ սպառնալիքը գալիս է ոչ միայն Ադրբեջանից, այլև նրա կողմից կռվող վարձկան ջիհադականներից, որոնց ձեռագիրը ողջ աշխարհը տեսե է:

Այս առնչությամբ խնդրում եմ Ձեզ կոչ անել ձեր գործընկեր, տիկին Մեհրիբան Ալիևային՝ հանդես գալու որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան նրանց կողքին, որոնք կյանքի իմաստը պատերազմի մեջ չեն տեսնում, այլ խաղաղության: 

Տիկին գլխավոր տնօրեն, իմ խորին հարգանքն եմ հայտնում և հույս ունեմ, որ բարի կամքի տեր բոլոր անձանց համատեղ ջանքերը կհաղթեն հանուն խաղաղության և կյանքի մեր բազմաչարչար 21-րդ դարում»

--00--ԱՀ