Հրթիռակոծվում են Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին և Արցախի այլ բնակավայրեր

ԵՐԵՒԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

Ստեփանակերտ

ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը շաբաթ կեսգիշերից հետո հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերը, չնայած հայտարարված մարդասիրական հրադադարին, հրթիռակոծում են Արցախի Շուշի և Մարտունի քաղաքները, ինչպես նաև այլ բնակավայրեր։ 

«Արցախում այս պահին հրթիռակոծվում են Մարտունին, Շուշին եւ տարբեր խոշոր գյուղական համայնքներ», - գրել է նա։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայում ռուսական կողմի նախաձեռնած և  գրեթե 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործոց նախարարները հայտարարեցին հումանիտար զինադադարի մասին, որը պետք է գործեր հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12։00-ից։ Չնայած ձեռքբերված համաձայնությանը, ադրբեջանական զինված ուժերը շարունակեցին ռազմական ագրեսիայի դրսևորումները՝ հարվածներ հասցնելով Արցախի խաղաղ բնակավայրների ուղղությամբ։