Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10,  24News

Վրաստան

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև մարդասիրական նպատակով կրակի դադարեցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: Գերատեսչությունը հույս է հայտնել, որ հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի առաջընթաց գրանցել:

«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին համաձայնագրի ընդունումը և հույս հայտնում, որ հետագա բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման հարցերում կհաջողվի գրանցել առաջընթաց և հաստատել կայուն խաղաղություն, որը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը և բարօրությանը»,- ասվում է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Աղբյուրը՝ «Արմենպրես»։

--00—ՄՀ