Հարվածի պահին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8,  24News

Ղազանչեցոց

Ադրբեջանը հարվածել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, որը Շուշի քաղաքի խորհրդանիշն է, Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն՝ ավելացնելով, որ հարվածի պահին եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել։ 

Նա նշել է, որ եկեղեցու շրջակայքում չկան ռազմական օբյեկտներ և ռազմականին մոտ ոչինչ: Հարվածի հետևանքով վնասվել են նաև բնակելի տներ: Թաթոյանի խոսքով՝ այդ ամենը հաստատում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

«Սա պատերազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների հստակ նշան է», - գրել է Թաթոյանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ