Ադրբեջանն ու Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել ԱՀ տարածք՝ հայ ժողովրդին բնաջնջելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

արայիկ

Շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ և ծանր մարտերը: Արցախի Պաշտպանության բանակը նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին: Այդ մասին հայտարարում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել ԱՀ տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու և հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:

Աշխարհում չկա որևէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է։

Մեր զինվորները հերոսական պայքար են մղում մեր հողի ամեն սանտիմետրի համար: Իրենց նվիրումով են աչքի ընկնում մեր բոլոր հայրենակիցները՝ թե՛ Արցախում, թե՛ Մայր հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով:

Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից: Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար: 

Մեր միասնական սխրանքով ևս մեկ անգամ ապացուցում ենք, որ մեր ազատությունն ու անկախությունը սակարկելի չեն, ևս մեկ անգամ փաստեցինք, որ Արցախը հավերժ է: 

Կեցցե՛ մեր բանակը, 

Կեցցե՛ մեր ժողովուրդը, 

Կեցցե՛ մեր ազգային միասնությունը»,-գրել է Արցախի նախագահը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։ 

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։ Սեպետմբերի 27-ին Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն:

--00—ԼՄ