ՀՀ դատախազը ԱՊՀ և Եվրոպայի դատախազների խորհրդին կոչ է արել նպաստել պատերազմը դադարեցնելուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Արթուր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նկատմամբ հուլիսից-հոկտեմբեր ամիսներին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և դրա ընթացքում իրականացվող ծանրագույն հանցագործությունների, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող և կոպտագույն խախտումների խնդիրները բարձրացրել է ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի, ինչպես նաև Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի շրջանակներում:

Մասնավորապես, ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի կողմից, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, քաղաքացիական բնակչության կյանքի համար վտանգավոր եղանակով իրականացվում են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայաստանի և Արցախի բազմաթիվ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական, այդ թվում նաև բնապահպանական, բնակչության քաղաքացիական պաշտպանության, կրթական ենթակառուցվածքները թիրախավորված հարվածներ են ստանում հեռահար հրթիռների միջոցով, որոնց հետևանքով ՀՀ և ԱՀ պետական սահմանին մերձ բնակավայրերի, Արցախի՝ շփման գծից զգալիորեն հեռու քաղաքների, գյուղերի բնակչության շրջանում 20-ից ավելի քաղաքացիական անձ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ են մահացել, մեծ թվով քաղաքացիական անձինք մարմնական վնասվածներ են ստացել, անձանց գույքին պատճառվել են մեծածավալ վնասներ:

Շեշտվել է այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողություններին անմիջականորեն ներգրավված են Սիրիայից և Լիբիայից տեղափոխված անօրինական զինված ահաբեկչական, ծայրահեղական խմբավորումների վարձկան զինյալներ, իսկ առկա տվյալները վկայում են զինված հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածության, վերջինիս ազդեցությամբ հակամարտության էսկալացիայի խորացման մասին:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից հակամարտության տարածքում իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին, այդ թվում նաև միջազգային անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներին բնակավայրերում դիտավորությամբ թիրախավորելու, նրանց կյանքի և առողջության համար սպառնալիք ստեղծելու և բնականոն գործունեության իրականացմանը խոչընդոտելու դրսևորումների վրա։

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ պատերազմ վարելու, վերոնշյալ այլ հանցագործությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական վարույթներ և ակտիվ դատավարական գործողություններ են իրականացվում այդ հանցագործությունների մանրամասն փաստագրման, ապացույցների ձեռքբերման միջոցով տեղի ունեցողին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և հանցագործություն կատարած անձանց նաև միջազգային իրավունքի համատեքստում քրեական պատասխանատության ենթարկելուն հետամուտ լինելու համար:

Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահ Ժոզե Մանուել Սանտոս Պայսին ուղղված նամակում Արթուր Դավթյանը նաև ընդգծել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Հայաստանն ընդդեմ Թուրքիայի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու նշանակությունը  և շեշտել կիրառված միջանկյալ միջոցառումների անհապաղ կատարման կարևորությունը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի արգելում) պաշտպանության և երաշխավորման տեսանկյունից:

Տեղեկացվել է նաև, որ ՀՀ դատախազությունը միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարդու հիմնարար իրավունքների տոտալ խախտումների վերաբերյալ փաստական տվյալները ՄԻԵԴ ներկայացնելու ուղղությամբ:  

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ գլխավոր դատախազը ԱՊՀ Մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդին կոչ է արել օգտագործել իրենց կազմակերպությունների հեղինակությունն ու ազդեցությունը՝ նպաստելու Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու և իրենց միջազգային պարտավորությունները կատարելուն ուղղված միջազգային հանրության, հակամարտության կարգավորման միջնորդական առաքելության մանդատով օժտված  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ամենաբարձր մակարդակով  գործադրվող ջանքերին:

--00—ԼՄ