Եթե ուզում ենք դուրս մղել որևէ ուժի, պետք է տեղը լցնենք մեկ այլ ուժով. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1

Քաղաքագետ Արմեն Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը:

«Տեսեք՝ քաղաքականության մեջ, ոնց որ ֆիզիկայում։

Վակուումը դատարկ չի մնում։ Այսինքն՝ եթե կա դատարկություն, իսկ հարակից գոտում կա մատերիա, անպայման մատերիան ներթափանցում է էդ դատարկության մեջ։

Ֆիզիկայի էս օրենքը պրոյեկտենք մեր ռեգիոնի վրա։ Եթե մենք ուզում ենք դուրս մղել որևէ ուժի, տվյալ դեպքում՝ Ռուսաստանին, ապա պետք է տեղը լցնենք մեկ այլ ուժով»- գրել է Մինասյանը և ներկայացրել, որ Հայաստանը համապատասխան ներուժ չունի, նույնիսկ՝ Արցախի հետ, Իրանը հազիվ է գլուխ հանում արևելք-արևմուտքում եղած քաոսից, ԱՄՆ-ն ասել է՝ վազն անցեք, Եվրոպան լիրիկայից բացի ուրիշ բան չի կարողանում անել, վկան՝ Լիբիան, Կիպրոսը, Ուկրաինան, Չինաստանը խառնվելու ցանկություն չունի ու այս տարածաշրջանում անելիքները լիարժեք պատվիրակել է Ռուսաստանին, Հնդկաստանը Հիմալայներից ու Հինդուկուշից այս կողմ բան չի տեսնում. «Մնացին Թուրքիան ու Ռուսաստանը»։

Մինասյանը նշում՝ այս տրիվյալ ճշմարտությունը պատրաստ է քննարկել յուրաքանչյուրի հետ. «Բայց ընտրությունը պետք է ազգովի անենք։ Ընտրությունից հետո էլ պետք է մի հատ հետահայաց նայենք՝ իսկ էդ ինչ արեցինք մենք, որ հիմա ստիպված ենք ռեգիոնում նաև Թուրքիա հանդուրժել։

Հ.Գ. Չմոռանանք բանակին փառաբանել ու մեր երախտիքը հայտնել մեր զինծառայողներին, կամավորներին ու ժողովրդին, բայց ասեմ, որ նշված հարցերը հիմնականում զինվորական շրջանակներից են տալիս։ Դե ուժի հարցում իրենք ավելի գիտակ են, քան ֆեյսբուքում թևածողները»:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն:

--00—ԼՄ