«Կարո Փայլանը մենակ չէ». ստորագրահավաք Թուրքիայում՝ ի պաշտպանություն հայ պատգամավորի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

փայլան

Թուրքիայում գործող «Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը» (ASAM) թիրախավորել է հայ-ադրբեջանական զինված բախումների շրջանակում խաղաղության կոչ արած մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

ASAM-ը թերթերում հրապարակած իր հայտարարություններում Փայլանին անվանել է «դավաճան» և «ահաբեկչական խմբավորմանն աջակցող կուսակցության ներկայացուցիչ»։

Այդ կազմակերպությունը կոչ է արել դատական համակարգին և խորհրդարանին «անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել» վերջինիս դեմ՝ այդպիսով, փաստորեն, թիրախավորելով հայ պատգամավորին։

Այդ հայտարարությունից հետո, ի աջակցություն Կարո Փայլանի, ստորագրահավաք է սկսվել․

«Պատգամավոր Կարո Փայլանն իր կարծիքը բարձրաձայնելու համար ատելության խոսքի թիրախ է դարձել, հայտարարվել է թշնամի։ Մենք բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են նման թիրախավորումները ողբերգությունների ու ավերածությունների հանգեցնում։ Այդ պատճառով էլ բոլորս միասին հայտարարում ենք՝ Կարո Փայլանը մենակ չէ», - ասված է ստորագրահավաքի տեքստում։

Արշավին մասնակցել և հայտարարության տակ ստորագրել են բազմաթիվ քաղաքական գործիչներ, նախկին և ներկա պաշտոնատար անձինք, մտավորականներ, արվեստագետներ, բժիշկներ, ուսուցիչներ, բանվորներ, շարքային քաղաքացիներ։

Արշավի մասնակիցների անունները՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ